Hasmik Haroutyounyan - Hari, hari, khnotsi (Armenian folk song)

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 6 сен 2024
  • Հայ ժողովրդական աշխատանքային երգ է, որը կատարել են խնոցի հարելիս: Երգում է Հասմիկ Հարությունյանը: Խնոցին հարում էին հիմնականում գերդաստանի երկու ավագ կանանցից: Խնոցին կամ կախվում էր առաստղաից, որի դեպքում նրանք պետք է ձեռքով դեպի իրար մղեին այն, կամ պատրաստվում էր այնպես, որ դրվում էր գետնին, և ոտքի շարժմամբ պետք է հարեին: Iսկ խնոցու մեջ լցնում էին կաթի սերուցքը, որը հարելու արդյունքում զատվում էին թանն ու կարագը: Միալար աշխատանքի ընթացքում կանայք հանպատրաստից երգում էին բազմաթիվ երգեր, որոնք հայտնի են ընդհանուր «Խնոցու երգեր» անվամբ: Այս երգում, ինչպես գութանով աշխատող տղամարդն է գորովանքով դիմում եզանն ու գութանին, այնպես էլ կինը դիմում է խնոցուն, մաղթելով, որ աշխատանքը բարով կատարվի: Երգի մեջ տեղ են գտել դրվագներ գյուղական առօրյայից, հատկապես խնոցու ու կաթի հետ առնչվող: Կանանցից մեկը երգում է, որ ոչխարը բերել են արոտից, և ինքը հովին նստած նախ կթել է թուխ մաքիին: Հաջորդ հատվածում հետաքրքիր է, որ տարեց կինն իր ամուսնուն անվանում է յար, ինչպես ջահել աղջիկը կանվաներ իր սիրած տղային: Նրա յար-ամուսնուն տեսնում ենք ժամատան ճաղերին հենված կանգնած:
    Երգի հաջորդ տունը կատակային բնույթ ունի. ասվում է, թե մածնի պուտուկը դրված է սյան վրա, որի մեջ մկներն են խաղում: Երևի ուզում է ասել, որ վաղուց նրա մեջ մածուն չի եղել, ուստիմկներն են սկսել այնտեղ տնօրինություն անել: Այդ պուտուկը, որը երգող կանանցից մեկը ժառանգություն է ստացել իր հորից, այնքան մեծ է, որ ասես մի աշխարհ լինի, որի մեջ, հավանաբար, հաճախ մածնով ու կաղամբով ուտեստ են պատրաստում: Նրանք անզգուշորեն մածունն ամբողջությամբ թափել են, որի վրա մոտ են եկել տան տիկինները:
    Հաջորդ հատվածում ասվում է, որ սոխաթանը լցրել են քյասեն: Կոմիտասի գրառած երգերից մեկը կոչվում է «Սոխաթան չէր» (Ռ. Աթայան, Կոմիտաս. երկերի ժողովածու, հտ. 14, Երևան, 2006 թ., էջ 51): Այնտեղ ասվում է. «Սոխաթան չէր, պինդ թան էր (չորաթան)»: Հետևաբար կարելի է ենթադրել, որ սոխաթանը ջրալի թանն է: Իսկ քյասան որոշ բարբառներում նշանակում է թաս: Թանը լցրել են թասը, որի գլխին են կանգնել հարսն ու փեսան՝ ամեն մեկն ուզելով ինքը խմել այն, որի պատճառով սկսել են վիճել իրար հետ:
    Այսպես, ամբողջ գիշեր գերդաստանի երկու ավագ կանայք հարում են խնոցին ու երգով պատմում օրվա անցուդարձը, մինչև որ առավոտյան աստղը՝ Լուսաբերը (Արուսյակ) երևում է, և աղոթարանը (արևելքը) բացում է իր դռները՝ արևին դուրս թողնելու համար: Իսկ այս ընթացքում էլ բարակ ու նուրբ ունկերով խնոցու մեջ արդեն մնացել էր միայն թանից զատված կարագը:
    Երգի խոսքերը՝
    Հարի, հարի, խնոցի,
    Բերքդ բարի, խնոցի:
    Ոչխար բերին, վեր բերին,
    Հարի, հարի, խնոցի:
    Կթեմ թուխ մաքին հովին,
    Բերքդ բարի, խնոցի:
    Ժամտան ճաղեր էրկըտակ:
    Իմ յար կայնուկ պատի տակ:
    Մածնի պուտուկ ի վեր սան,
    Մկներ ի ներս տաս, քսան:
    Իմ խոր պուտուկ ջահան ա,
    Մածուն փըռթուկ լահանա:
    Մածուն թափավ վեր ական,
    Տանտիկիններ մոտ էկան:
    Սոխաթան լըցին քյասեն,
    Վրեն կըռվան հարս-փեսեն:
    Առտըվան աստղ էրևաց,
    Աղոթրան դըռներ ի բաց:
    Ունկըդ բարակ, խնոցի,
    Մեջըդ կարագ, խնոցի:
    Ծանոթագրություններ_________________
    Ջահան (պրսկ.) - աշխարհ:
    Լահանա - կաղամբ: Գյումրիում արտասանում են «լախանա»:
    Ական - արևմտահայ հնչողությամբ՝ ագան: Նշանակում է ամբողջությամբ, լրիվ:
    Սոխաթան - ջրալի թան:
    Քյասա - թաս:

Комментарии • 6

  • @MsSlushatel
    @MsSlushatel 3 года назад

    Հոյակապ է, շնորհակալ եմ 🥰

    • @Aygaber
      @Aygaber  3 года назад

      Սիրով ։)

  • @droogtchekhova32
    @droogtchekhova32 3 года назад +1

    ...😊Քյասան ու քիսան նույն բանը չեն. բայազետցիք թասին են《ք(յ)ասա》ասում. ուստի սպասը լցրել են թասը, և հարսի ու փեսայի վեճի պատճառը ավելի քան կենցաղային է` բկլիկությունն է (ինչի շնորհիվ, երևի, կատակերգն ավելի զվարճալի է դառնում):
    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

    • @Aygaber
      @Aygaber  3 года назад +1

      Շնորհակալ եմ, Droog ջան: Ես էդ օրը էդքան ման էկա, մի տեղ միայն բերեց միայն, այն էլ էդ մի «քիսա» իմաստով: Գյումրիում «քյասա» կարճ ճանապարհին ենք ասում: Էնպես որ կանգ առա էն մյուս իմաստի վրա: Իսկ հիմա գուգլում գրեցի, հազարներով էջեր բերեց՝ «թաս» իմաստով: Հիմա կուղղեմ:

    • @droogtchekhova32
      @droogtchekhova32 3 года назад

      @@Aygaber 😊Քյասար քասի իմաստին քասով չեք հասել...

    • @olyapanosyan1147
      @olyapanosyan1147 3 года назад

      Մեր (գ.Վերին Արտաշատ)բարբառում էլ քյասան թասն է,իսկ կարճ ճանապարհը `քյասար 😀ի՜նչ հետաքրքիր է 🤗