Silva Kaputikyan - Inchpes asem Սիլվա Կապուտիկյան - Ինչպե՞ս ասեմ (կարդում է Հարություն Արզումանյանը)
HTML-код
- Опубликовано: 12 сен 2024
- Ես, որ լցված եմ բառերով,
Հանց մրգերով ծանրած աշուն,
Հազարագանձ հայոց լեզվի
Տերն եմ, այլև բարապանը,-
Ես ի՞նչ բառեր գտնեմ այսօր,
Ներբողելու ի՛նքն իսկ - բա՜ռը,
Եվ ի՞նչ լեզվով բարեբանեմ ի՛նքն իսկ - լեզո՜ւն...
Ա՛խ, լեզվի մեջ
Բառից մինչ բառ, բառից այն կողմ
Կա էություն`
Անբռնելի, անհպելի,
Որ չե՜ս դնի ձևերի մեջ,
Որ չե՜ս բանտի թևերի մեջ,
Որ զգեստի խեղճ լաթերով չե՜ս պարուրի:
Արդ, ես ինչպե՞ս տարրավորեմ անբռնելին,
Ի՞նչ մուտքերով հասնեմ արդյոք
Նրանց, որոնք ա՛յն են տեսնում, ինչ տեսնո՜ւմ են,
Որոնց համար լեզուն հացի խնդիր է սոսկ,
Բարդին` միայն շենքի սյուն է,-
Ինչպե՞ս ասեմ, որ հասկանան,
Թե աշխարհում` հացից բացի,
Կա Հացեկա՜ց,
Տեսնելո՛ւց զատ կա և տեսիլք,
Որ սեփական մորթո՜ւց էլ մոտ - կա մագաղաթ,
Կա լիացում` ճառագայթված գրի՜ լույսից:
Ինչպե՞ս ասեմ,
Որ ոսկու կուշտ շարից բացի
Կա շարակա՜ն,
Երկինք տանող՝ խոսքի շարոց,
Ու կա Նարե՜կ,
Կա անձրևի կաթկթոցից շարված կարոտ,
Կա «Գարուն ա, ձո՜ւն ա արել»...
Ինչպե՞ս ասեմ,
Որ օգտաշատ, աղյուսաձև քարից բացի
Կա և խաչքար,
Կան դարերի վերքից նայող, խեղված քարեր,
Կան շնչավոր, մարդու նման գերված քարեր
Ու սրտերում արարատված քար լռություն...
Ինչպե՞ս ասեմ,
Որ մեր շնչած անգույն օդում
Թթվածնի՛ց զատ կա և ոգի-
Դեռ Եղեգան փողի՜ց ելած՝ ծուխ կա ու բոց,
Կա մեր բառից, գրից, քարից բաղադրված,
Մեր հին արյանը համակազմ մի մթնոլորտ,
Որից եթե պոկվե՜նք հանկարծ-
Պիտի պոկվենք ձգողական ուժի՛ց երկրի
Ու երկրո՛ւմ իսկ
Դառնանք անկե՛րպ, անկշռելի...
Ինչպե՛ս ասեմ,
Ինչպե՛ս ասեմ, որ հասկանա՜ն...
👍