Հայ Դատի գրասենյակ` Վրաստանում
HTML-код
- Опубликовано: 28 окт 2024
- Հայ Դատի գրասենյակ` Վրաստանում
13.05.10 17:23 վիդեո
Yerkir Media Video
Թբիլիսիում ծնված Գեւորգ Հարությունյանի նախնիներին ճակատագրի քամին Արեւմտյան Հայաստանի Բիթլիս գավառից հասցրել է Վրաստան: Այս երկրում նա համարվում է փոքրամասնություն, իսկ ազգային փոքրամասնությունները Վիրաց աշխարհում բազմաթիվ խնդիրներ ունեն: "Հարկավոր է տեսնել ու հասկանալ դրանք, բարձրաձայնել այդ մասին եւ փորձել լուծման ուղիներ գտնել",- ասում է Գեւորգ Հարությունյանը:
Համակարգված աշխատանք կատարելու համար էլ ստանձնեց Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի Վրաստանի նորաստեղծ գրասենյակի տնօրենի պարտականությունները:
Գեւորգ Հարությունյան, Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի Վրաստանում գրասենյակի տնօրեն. "Վրաստանը երկիր է, որտեղ փոքրամասնությունները շատ խնդիրներ ունեն: Եվ քանի որ մեր կառույցը Եվրոպայում արդեն մոտ վեց տարի զբաղվում է մարդու իրավունքների հարցերով, որոշեցինք գրասենյակ բացել նաեւ Վրաստանում, որ հետեւենք, թե ինչպես է այս երկիրը կատարում իր պարտավորությունները եվրոպական կառույցների հանդեպ, ինչպես են կատարվում մարդու իրավունքների հետ կապված փաստաթղթերով նախատեսված պարտավորությունները":
Հիլդա Չոբոյանի ղեկավարած կառույցը եվրոպական երկրներում հաջողությամբ գործում է դեռեւս 2002 թվականից: ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետը կարեւորում է մարդու իրավունքների, ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքները նաեւ դեպի Եվրոպա ձգտող Վրաստանում:
"Վրաստանը մաս է կազմում Եվրամիության "Եվրոպական հարեւանության քաղաքականության" եւ "Արեւելյան գործընկերության" ծրագրերի, այդ առումով մեզ նման կազմակերպությունների համար հնարավորություններ են ստեղծվում, որպեսզի կարողանանք օգնել այս պետությանը` լուծելու բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաեւ համապատասխանել եվրոպական չափանիշներին",- ընդգծում է Հիլդա Չոբոյանը:
Հիլդա Չոբոյան, ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ. "Այս պատճառով է, որ մենք ուզում ենք գրասենյակ բացել այստեղ, դրա միջոցով բարձրախոս դառնալ այստեղի հարցերում դեպի Եվրոպա, եվրոպական կազմակերպություններում, ինչու չէ` նաեւ մեր նպաստը բերել այդ հարցերի լուծման մեջ":
Ինչպես է գործելու հայկական կառույցը մի երկրում, որտեղ հատկապես հայ համայնքի պարագայում Վրաստանի արտաքին եւ ներքին քաղաքական շահերը շատ հաճախ չեն համընկնում: Հիլդա Չոբոյանը վստահ է. զարգացման հասնելու համար երկիրը պետք է կարողանա նախ եւ առաջ լուծել ներքին խնդիրները:
Հիլդա Չոբոյան, ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ. "Վրաստանի քաղաքացիներն իրենց բարօրության համար իրենց լիիրավ իրավունքները պետք է վայելեն, եւ վիրահայ բնակչությունն այդ իրավունքին տեր պետք է կանգնի: Եվ մենք ուզում ենք օգնել, որ այդ իրավունքները հարգվեն: Եվ ոչ թե պահանջատիրական առումով, այլ համագործակցության միջոցով":