ԷՋՄԻԱԾՆԻ ՍՈՒՐԲ ԳԱՅԱՆԵ ՎԱՆՔ

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 9 сен 2024
  • Սուրբ Գայանե վանք, միջնադարյան կրոնական կառույց Վաղարշապատ քաղաքի հարավային կողմում, սուրբ Գայանեի և նրա երկու ընկերուհիների նահատակման վայրում։
    Պատմություն
    Այստեղ, ըստ Ագաթանգեղոսի, 301 թվականին Գրիգոր Ա Լուսավորչի ղեկավարությամբ և նրա գցած հիմքերի վրա Տրդատ Գ Մեծը, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին վկայարան են կառուցել։ 395 թվականին Սահակ Ա Պարթևը վերակառուցել է Սուրբ Գայանեի վկայարանը։ 630 թվականին Եզր Ա Փառաժնակերտցին քանդել է վկայարանը և տեղում սրբատաշ տուֆով շինել այսօր կանգուն Սուրբ Գայանե եկեղեցին, վանական միաբանություն հաստատել։
    Ճարտարապետություն
    Սուրբ Գայանե եկեղեցին ներդաշնակ համաչափություններով, տպավորիչ ինտերիերով քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, որի Ավագ խորանի տակ գտնվում է սրբուհու՝ հարավարևելյան ավանդատնից մուտքով թաղածածկ դամբարանը։
    17-րդ դարում եկեղեցին եղել է կիսավեր ու լքված։ 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցին գրում է, որ Սուրբ Գայանե եկեղեցու միայն պատերն ու գմբեթակիր մույթերն են կանգուն եղել։ Փիլիպոս Ա Աղբակեցին 1652 թվականին հիմնովին վերակառուցել է եկեղեցին, վերականգնել նրա ծածկը և գմբեթը։ Միաժամանակ Սուրբ Գայանե եկեղեցու հիմքերը ստորգետնյա ջրերից պաշտպանելու համար վանքի հարավային պարսպից դեպի դաշտ ջրահեռացման համակարգ են ստեղծել, որպեսզի ջրերը նաև ոռոգման նպատակով օգտագործվեն։
    1688 թվականին Եղիազար Ա Այնթապցին կառուցել է վանքի միաբանության շենքերը, պարիսպը, Ս. Գայանե եկեղեցուն արևմտյան կողմից կցել եռակամար գավիթ-սրահ, նրա հարավային և հյուսիսային ծայրերին պատարագամատույց սեղաններով Պողոս և Պետրոս առաքյալներին նվիրված մատուռներ շինել։ Գավիթ-սրահը հետագայում ծառայել է որպես կաթողիկոսների տապանատուն։
    1764 թվականին Սիմեոն Ա Երևանցին Սուրբ Գայանե եկեղեցու տարածքում կառուցել է ստորգետնյա խոշոր սառցատուն՝ վանքի մթերքները պահելու համար։ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու գահակալության տարիներին (1866-82) եկեղեցու վանահայր Վահան Բաստամյանցը նորոգել է վանքը, կառուցել արևմտյան կամարակապ դարպասը, վանահոր և միաբանների բնակելի շենքերը, դպրոց, որտեղ ինքը դասավանդել է, հիմնել է տպարան և հրատարակել «Դպրոց» ամսագիրը։
    1910 թվականին Նոր Նախիջևանի հայ համայնքը սև գրանիտից տապանաքար է բերել սուրբ Գայանեի գերեզմանի համար։ 1959 թվականին Սուրբ Գայանե եկեղեցին նորոգվել է, եկեղեցու ներսը մաքրվել է սվաղից, հատակը սալարկվել, տարածքը բարեկարգվել, բակում կառուցվել է մատաղատուն, աղբյուր (ճարտ.՝ Ռ. Իսրայելյան)։
    1960 թվականին վանքի տարածքում Մայր աթոռի՝ 1920 թվականից հետո թաղված միաբանների գերեզմանների վրա դրվել են մարմարե սալիկներով տապանաքարեր։ 1976 թվականին Սուրբ Գայանե եկեղեցու շուրջը դարերի ընթացքում կուտակված լիցքը հեռացվել է, պատերի մեջ շաղախ է ներարկվել, և քայքայված քարերը փոխարինվել են նորերով։
    1977-1980 թվականներին լոնդոնահայ Հարություն Մութաֆյանի բարերարությամբ, վանքի միաբանության շենքերը նորոգվել են և օժտվել ժամանակակից հարմարություններով, քարե սալերով ծածկվել եկեղեցու տանիքը և գմբեթը։ Եկեղեցու գավթում են ամփոփված Եղիազար Ա Այնթապցի, Աբրահամ Բ Խոշաբեցի, Ղազար Ա Ջահկեցի, Մինաս Ա Ակներցի, Հակոբ Ե Շամախեցի, Սիմեոն Ա Երևանցի, Ղուկաս Ա Կարնեցի, Դավիթ Ե Էնեգեթցի, Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսները, իսկ վանքի շուրջը՝ բազմաթիվ արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ, վանահայրեր, Մայր աթոռի բարերարներ, իշխաններ և նշանավոր այլ անձինք։

Комментарии •