Հովհաննես Թումանյան "Հառաչանք": Կարդում է Վլադիմիր Աբաջյանը

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 27 дек 2024
  • Հովհաննես Թումանյան "Հառաչանք" (հատված)
    Կարդում է Վլադիմիր Աբաջյանը:
    ՀԱՏՎԱԾ ԱՌԱՋԻՆ
    Մի քանի տարի սըրանից առաջ,
    Երբ որ հայրենիք էի ես գնում,
    Այն մըթին ձորում, ուր որ քաղցրավաչ
    Մեղեդու ձայնով Դեբեդն է վազում,
    Ժայռերի գլխին, ուր բազկատարած
    Աղոթք են անում Հաղպատ-Սանահին,
    Գիշերը հասավ, ու ես դադարած
    «Ղոնաղ» մնացի ծեր այգեպանին։
    Նա տրտնջալով ծերության ընդդեմ
    Քըթքթում էր յուր ծառերի տակին.
    «Բարի օր, պապի», ու խոժոռադեմ
    Ծերը ետ նայեց ձեռքը ճակատին։
    Մի կասկածավոր ու խիստ հայացքով
    Զննելուց հետո հոնքերը կիտեց,
    Սաստիկ սառնությամբ պատասխան տալով
    Դեպի յուր դափեն ինձ առաջնորդեց։
    Նրա ետևից անխոս գընացի,
    Փընթփնթացնում էր նա իմ առաջին-
    «Մեր բանը պրծավ, երբ էս ձորերի
    Մըտերը սրանք էլ եկան սովրեցին։
    Սա էր մնացել, սա էլ անպատճառ
    Մեր գլխին մի նոր կրակ է բերում,-
    Նոր դրած բեգյար, կամ իզուր մի շառ,
    Թե չէ ինչ ունի էս խուլ ձորերում։
    Եկած կըլինի, որ խաբար տանի,
    Թե խելքը գլխին դեռ քանի գյուղ կա,
    Ով յուր դռանը անասուն ունի,
    Կամ որի կնգա աչքերում յուղ կա։
    Կամ հին գերեզման քանդող կըլինի,
    Կամ թե կըհամրի ծմակի ծառերը,
    Կամ նրա համար, թե օրը քանի՞
    Ձու են ածում մեր գյուղի հավերը...
    Ո՞վ գիտի, հիմա ով վեր է կենում
    Գլխին էս տեսակ գդակ է դնում...»
    Լռեց ծերունին ծանըր տնքալով
    Ու առաջ գնաց թին դիմհար տալով։
    Իսկ երբ որ հասանք աղքատիկ դափին՝
    Ինձ հըրավիրեց, և յուր ունեցած
    Շորի կտորը փռեց իմ տակին,
    Ինքը առաջիս մնաց լուռ կանգնած։
    Ճերմակ գլուխը ապա բարձրացրեց,
    Հոնքերի տակից ազդու նայելով,
    Որոտող ձայնով այսպես հարցըրեց,
    Զզվանք ու զայրույթն հազիվ պահելով։
    - Աղա՛, հարցնելը ամոթ չըլինի,
    Հրամանքդ ի՞նչ մարդ ես, կամ ո՞րտեղից ուր...
    Եվ չըսպասելով մի պատասխանի՝
    Ինքը շարունակ խոսեց կցկտուր.
    - Ով էլ որ լինիս՝ բարով ես եկել,
    Անփորձանք լինի քո ճանապարհը,
    Աստված կյանք տա ձեզ, որ հարցնեք դուք էլ,
    Թե ինչ ցավ ունի խեղճ ռանչպարը։
    Աղքատ մարդիկ ենք, մեր ձորերի մեջ
    Անց ենք կացնում մեր սև-սև օրերը.
    Թե որքան ենք զուրկ, որքան ենք մենք խեղճ,
    Էդ հաստատ գիտե ինքը-միայն տերը։
    Բայց դու էլ խելոք մի մարդ ես գիտուն,
    Քո բարի աչքով տեսնում ես էլի,
    Տկլոր ու սոված էսպես տարին բուն
    Քարի-հողի հետ կռիվ ենք տալի։
    Թե որ ձեռներս էլ մի բան է ընկնում,
    Չենք կարողանում բերան հասցընենք...
    Էսքան տանջվելով քրտինք ենք անում,
    Էլ էն սևերեսն, էլ էն սովածն ենք...
    - Ի՞նչիցն է, պապի, այսքան ճոխ երկրում,
    Ւնչպես ասում ես, դժվար եք ապրում,
    Վարձատրություն չե՞ք ստանում հողից,
    Թե՞ նեղություն է գալիս մի տեղից։
    - Մեր նեղությունը... քեզ ինչպե՞ս հայտնեմ,
    Թող հաստատ լինի մեր թագավորը.
    Ես ընչի տեր եմ, խոսեմ նրա դեմ,
    Բայց աստված կտրի մեր քաշած օրը...
    Ի՞նչ անես, ախպե՛ր, ումի՞ց խռովես,
    Պետք է համբերել, թե լավ թե օսալ...
    Բայց դու չասացիր հրամանքդ ով ես,
    Ուզում եմ քեզ հետ լիասիրտ խոսալ։
    - Ես քաղաքումը կարդում եմ, պապի։
    «Հա՜, տիրացու ես, բա ինչո՞ւ չասիր...»
    Կանչեց ծերունին ու իրեն դափի
    Դռնից հեռացավ․ «մի քիչ սպասիր»։
    ՀԱՏՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ
    Մըթնեց։ Ծերունին լուռ չարչարանքով
    Մի քանի կոճղեր դըրեց կըրակին,
    Նորից բարևեց իր երկրի կարգով
    Ու բարի մաղթեց ջահել ղոնաղին։
    Ու նըստոտեցինք իրար դեմ ու դեմ
    Սաստությամբ վառվող կրակի շուրջը,
    Մեր առջև ձորն էր թըշշում խավարչտին,
    Մեր դեմը խաղում ձորերի շունչը։
    Գիշերվան անքուն հավքերն են տըխուր
    Ծըվում, ծըկլթում խավարի միջում,
    «Որբն» է եղբորը կանչում ցավալուր,
    Բուն է իր դաժան վայր կռընչում։
    Ու ողջ միասին մի խորունկ թախիծ,
    Մի մութ զարզանդ են գիշերին տալի...
    Ահա տարածվեց հեռու ծըմակից
    Եվ ձիգ ոռնոցը սովատանջ գիլի։
    * *
    Ծանըր տընքալով թեք ընկավ ծերը,
    Երկար կոթավոր չիբուխը լըցրեց․
    Գիշերվա նըման կիտած նոթերը
    Խուլ որոտալով էսպես հարցըրեց․
    - Ի՞նչ կա քաղաքում, դե՛ պատմիր տեսնեմ,
    Իմանամ, ես էլ ուրիշին ասեմ.
    Մեռնող-ապրողից, թանգ ու էժանից,
    Կամ նոր դուրս եկած գազեթից, բանից...
    Երեք թագավոր, ասում են, իբրև,
    Խելքս չի կտրում, որ էսպես լինի,
    Խորհուրդ են արել, որ այսուհետև
    Իր թախտից զըրկվի, ով կռիվ անի։
    Ո՞վ է իմացել էսպես հրաշք բան։
    Էլ ի՞նչ թագավոր կամ էլ ի՞նչ իշխան,
    Որ կռիվ չանի, ուրիշին չըտիրի,
    Մարդ չըկոտորի, երկիր չավերի...
    - Է՛հ, աստված սիրես, թող դրանց, պապի,
    Ես շատ եմ զըզվել քաղքից, գազեթից,
    Ի՞նչպես եք ապրում, դու ձեզնից պատմի,
    Ձեր օր ու կյանքից, ձեր ցավ ու դարդից։
    - Ի՞նչ ես կորցըրել- ընչի ման գալի,
    Խոսեց ծերունին դառը խնդալով,
    Բա մեռած հո չենք, ապրում ենք, էլի,
    Ամեն մեռնողի երանի տալով։
    Մեր ապրուստն ի՞նչ է.- մի կտոր չոր հաց,
    Էն էլ հըրեն հա՜- երկընքից կախված։
    Մի մարդ որ նըրա երեսը պահի՝
    Նըրա ապրուստը ի՞նչ պետք է լինի...
    Ես քեզ օրինակ։ Էս խոր ձորերում
    Էս է չորս քսան տարիս լըրացավ,
    Ոչ մի խնդություն տեսա իմ օրում,
    Ոչ էլ մի անգամ աչքըս լիացավ։
    Ամբողջ ամառը առանց տաքիլեթ
    Պըտիտ եմ գալի էս ձորի միջին,
    Կըռիվս եմ տալի հազար ցավի հետ
    Ու չեմ կարենում-չեմ հասնում վերջին։
    Վազներից էնքան օգուտ չի գալի,
    Ինչ նրանց համար ես փող եմ տալի.
    Գըլուխը քարը, գոնե փող լիներ,
    Էլ ինչո՞ւ էսքան մարդ գանգատ կաներ։
    Ջախ եմ հավաքում, կրակ եմ վառում,
    Սրա համար էլ փող եմ վըճարում։
    Էս դափեն ի՞նչ է-մի երկու լատան,
    Հինգ ու վեց անգամ տարան դատաստան։
    Ասում են՝ գեջ ես կտրել դու մերին։
    Իրանցն ասում են ու քեզ չեն լսում,
    Մինչև չըտեսնես մեծին, պիսերին.
    Հիմի տես նրանք ինչքան են ուզում։
    ...........
    hy.wikisource....

Комментарии •